Հոդված 264. Իրեր և փաստաթղթեր վերցնելը
Հոդված 264. Իրեր և փաստաթղթեր վերցնելը
Ձերբակալման, անձնական զննության կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերը և փաստաթղթերը վերցվում են սույն օրենսգրքի 261 և 263 հոդվածներում նախատեսված մարմինների պաշտոնատար անձանց կողմից: Վերցված իրերն ու փաստաթղթերը ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը պահվում են այն մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում, որոնց իրավունք է վերապահված վերցնելու իրերը և փաստաթղթերը, իսկ գործը քննելուց հետո, նայած գործի քննության արդյունքներին, դրանք սահմանված կարգով բռնագրավվում կամ վերադարձվում են տիրոջը կամ ոչնչացվում, իսկ իրերը հատուցմամբ վերցնելու դեպքում իրացվում են: Ինքնաթոր օղին և տնային եղանակով պատրաստված այլ թունդ ոգելից խմիչքները, դրանց արտադրության համար ապարատները ոչնչացվում են գործը քննելուց հետո:
(մասն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-82-Ն)
Իրեր և փաստաթղթեր վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ, իրերի զննության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:
Այնպիսի խախտում կատարելու դեպքում, որի համար, սույն օրենսգրքին համապատասխան, կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչև գործի վերաբերյալ որոշում կայացնելը, և տրվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշում կայացնելու դեպքում վարորդական վկայականը չի վերադարձվում: Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ հոդվածներով, 123.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.5-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ և 129.2-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած` Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը՝ տալով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Ժամանակավոր թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև գանգատարկման համար սահմանված ժամկետը լրանալը կամ գանգատի առթիվ որոշումն ընդունելը:
(մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-73-Ն)
Սույն օրենսգրքի 173, 190 հոդվածներով, 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 192 և 193 հոդվածներով նախատեսված խախտումներ կատարելու դեպքում ոստիկանության աշխատողները իրավունք ունեն մինչև գործի քննությունը վերցնել հրազենը, ինչպես նաև զինամթերքը, որի մասին գրանցվում է արձանագրության մեջ` նշելով վերցվող զենքի մակնիշը կամ մոդելը, տրամաչափը, սերիան և համարը, զինամթերքի քանակն ու տեսակը: Պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում իրավախախտում կատարած անձի իրերի վերցնում, անձնական զննություն և իրերի զննություն կիրառվում է միայն հետաձգում չհանդուրժող դեպքերում:
Սույն օրենսգրքի 184 հոդվածով նախատեսված խախտումներ կատարվելու դեպքում ոստիկանության աշխատողները իրավունք ունեն վերցնելու ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան, շքանշանների ժապավեններ և մեդալների շերտաձողիկներ կամ Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգև և դրանց կրծքանշաններ: Գործը քննելուց հետո իրավախախտողից վերցված ԽՍՀՄ շքանշանը, մեդալը, պատվավոր կոչման կրծքանշանը, Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգևը, ինչպես նաև դրանց կրծքանշանները ենթակա են վերադարձման դրանց օրինական տիրոջը, իսկ եթե նա հայտնի չէ, ուղարկվում են համապատասխանաբար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն, միութենական կամ ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն:
(264-րդ հոդվածը խմբ. 30.09.87, 10.03.90, լրաց., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն, 09.12.19 ՀՕ-300-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)