Հոդված 47.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը
Հոդված 47.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը
Բժշկական փորձաքննության իրականացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝
սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Ախտաբանաանատոմիական դիահերձումների և (կամ) ձևաբանական հետազոտությունների անցկացումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված պայմանների կամ կարգերի խախտմամբ դիահերձում և (կամ) ձևաբանական հետազոտություն իրականացնողի նկատմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում՝
առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ տեղադրված յուրաքանչյուր տեսալուսանկարահանող սարքի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների օգտագործման և պահպանման կարգի խախտումը՝
առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(471 -ին հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, խմբ. 03.10.11 ՀՕ-259-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-332-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-339-Ն)