Հոդված 60.1. Ընդերքօգտագործման կանոնները խախտելը
Հոդված 60.1. Ընդերքօգտագործման կանոնները խախտելը
1. Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
3. Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ` փլուզումներ, սողանքներ, սելավներ և այլ վնասակար երևույթներ`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
5. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկի չափով:
6. Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում` հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
7. Յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանութային աշխատանքների կատարման միջոցով գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ չիրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
8. Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանելը.
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:
9.
10. Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը սահմանված կարգին համապատասխան չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
(60.1-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, 25.10.23 ՀՕ-343-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-396-Ն)
(հոդվածի 9-րդ մասը 13.11.25 ՀՕ-396-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 29-րդ կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)