Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից
Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից
Անվտանգության ամրագոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով:
Սահմանված կարգով չգրանցված, պետական տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով նախատեսվածի) կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:
Մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով:
Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով:
Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով նախատեսված խախտումներից, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:
Ծանոթագրություն. Սույն օրենսգրքի 123-124, 125-130, 132-134 հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմեքենաների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները:
(123-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)