Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը
Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները չկատարելը, խաչմերուկների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների, հետիոտնային անցատեղերի անցման, վազանցի, շարքերի և (կամ) երթևեկության ուղղության փոփոխման կանոնները խախտելը, մարդկանց և (կամ) բեռների փոխադրման կանոնները խախտելը, ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը, օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների) կանգառի, և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում`
15-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով,
30-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
40-60 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով,
60 կմ/ժ և ավելի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երեք ամիս ժամանակով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաև կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:
Սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի ինքնակամ հեռանալը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:
Ծանոթագրություն. 1. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատողի պահանջն արտահայտվում է ձեռքի շարժումով կամ ձողիկով ազդանշան տալով` սուլիչի միաժամանակյա ազդանշանով, ինչպես նաև բարձրախոս սարքի միջոցով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:
2. Սույն օրենսգրքի 125-134 հոդվածներում վթարային իրադրություն ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցների վարորդների կատարած այն գործողությունները, որոնք երթևեկության մյուս մասնակիցներին հարկադրել են կտրուկ փոխել իրենց տրանսպորտային միջոցների արագությունը, շարժման ուղղությունը կամ ձեռնարկել սեփական անվտանգության կամ այլ քաղաքացիների անվտանգությանն ապահովմանն ուղղված այլ միջոցներ:
(124-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն)