Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-17-ից մինչև 2018-04-07։Բացել գործող տեքստը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 14 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 70. Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 70. Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը

1. ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման, ինչպես նաև այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից)՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն՝ որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերի:

Սույն մասով սահմանված դեպքերում՝

1) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով.

2) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքները համարվում են Հայաստանի Հանրապետությունում իրականացված, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, իսկ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

3) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ժամանակ ԱԱՀ-ի շեմը հաշվի չի առնվում.

4) պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողն ազատվում է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունից, եթե ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ԱԱՀ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից.

5) Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը չի համարվում ԱԱՀ վճարող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։