Հոդված 194. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը
Հոդված 194. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկվում է Օրենսգրքի 189-րդ հոդվածով սահմանված տարեկան դրույքաչափերով և վճարվում է մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը: Եթե սույն մասում նշված դեպքում տարեկան տեխնիկական զննության փոխարեն սահմանված է տեխնիկական զննության այլ պարբերականություն, ապա ճանապարհային հարկը վճարվում է`
1) հարկային տարվա ընթացքում երկու տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը.
2) երկու հարկային տարվա ընթացքում մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` տարեկան ճանապարհային հարկի գումարի կրկնապատիկի չափով` մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար, որոնց համար սահմանված չէ տեխնիկական զննության պահանջ, ճանապարհային հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: