Հոդված 279. Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները
Հոդված 279. Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները
1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության մասով մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների գործունեության տեսակի) արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է մեկ հաշվետու ամսվա համար սահմանված 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվետու ամիսների քանակի և 0.02-ի արտադրյալի չափով:
2. Արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում են նաև հետևյալ լրացուցիչ գործակիցները.
1) ներարտադրական կամ ներտնտեսական նպատակներով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար` 0.5.
2) հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներից բացի, մնացած ամիսներին բացառապես բացօթյա վայրերի միջոցով կազմակերպվող հանրային սննդի գործունեության համար` 0.8.
3) հեստապար և համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 5.
4) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ.2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման համար`
ա. առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,
բ. մյուս գոտիների համար` 1.05.
5) Երևան քաղաքում ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության իրականացման համար`
ա. առաջին և երկրորդ գոտիների համար` 1.0,
բ. մյուս գոտիների համար` 0.75.
6) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` 2.5.
7) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` 0.5.
8) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար ուղևորափոխադրման գործակից, որը որոշվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար նախատեսված ավտոբուսների և (կամ) միկրոավտոբուսների նստատեղերի քանակների հանրագումարով: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ուղևորափոխադրման գործակիցը չի կարող նվազեցվել.
9) երթուղու հետ կապված՝ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար՝
ա. երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)՝ 1.0,
բ. Երևան քաղաքի հետ՝ 1.2,
գ. ներմարզային՝ բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի՝
- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ 0.75,
- այլ մարզերում՝ 0.5,
դ. ներքաղաքային՝
- Երևան քաղաքում՝ 1.0,
- Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 0.9,
- մնացած քաղաքներում՝ 0.8:
Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
3. Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(279-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.02.18 ՀՕ-124-Ն)
(279-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 77-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին)