Հոդված 41. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչումը
Հոդված 41. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչումը
1. Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը անվավեր է ճանաչվում դատարանի վճռի համաձայն:
2. Անվավեր ճանաչված գործարքը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) չի առաջացնում, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերում գործարքի անվավերության հետևանքների:
2.1. Գործարքի անվավերության դեպքում կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) առաջանում են միայն չվերադարձված ապրանքի, չվերադարձված աշխատանքի արդյունքի և (կամ) չվերադարձված ծառայության արդյունքի մասով:
3. Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, Օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն, ճանաչվում է անվավեր:
4. Գործարքն անվավեր ճանաչելու դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները գործարքի անվավեր ճանաչման արդյունքները, Օրենսգրքի համապատասխան բաժինների համաձայն, արտացոլում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատարանի վճռի ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող համապատասխան հարկային հաշվարկներում:
5. Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերն առկա չեն, սակայն գործարքի կողմերն այն անվավեր են ճանաչել, ապա գործարքի անվավեր ճանաչումը հաշվի չի առնվում:
(41-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)