Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-06-ից մինչև 2025-04-08։Բացել գործող տեքստը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 24 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 134. Շահութահարկի հաշվարկների ներկայացումը

գործել է մինչև 2025-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 134. Շահութահարկի հաշվարկների ներկայացումը

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ: Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող՝ սույն մասով սահմանված շահութահարկի հաշվարկում ներառվում է նաև մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազան և Օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող շահութահարկի գումարը:

2. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:

3. Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում են ներկայացնում շահութահարկի հաշվարկներ:

4. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ: Սույն մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների մասով՝ տեղեկությունների փոխանակման պահանջ սահմանված լինելու դեպքում: Սույն մասում նշված՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:

5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:

(134-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-275-Ն, 10.09.24 ՀՕ-338-Ն)

(04.06.21 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(10.09.24 ՀՕ-338-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։