Հոդված 306. Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը
Հոդված 306. Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը
1. Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ լիազորված մարմին) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում իր սահմանած կարգով տրամադրում է պաշտոնական պարզաբանումներ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:
2. Լիազորված մարմինը պաշտոնական պարզաբանումը տրամադրում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Պաշտոնական պարզաբանումը կարող է երկարաձգվել ևս 15 աշխատանքային օրով` այդ մասին իրազեկելով պաշտոնական պարզաբանում պահանջող անձին:
3. Պաշտոնական պարզաբանումները հրապարակվում են լիազորված մարմնի և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքերում: Եթե պաշտոնական պարզաբանում ստանալու համար ներկայացված դիմումը վերաբերում է իրավական ակտին կամ դրա դրույթին, որի համար լիազորված մարմինը նախկինում տվել է պաշտոնական պարզաբանում, ապա նոր պաշտոնական պարզաբանում չի տրվում, և դիմումի հիման վրա լիազորված մարմինը կամ հարկային մարմինը իրականացնում է հարկ վճարողի անհատական իրազեկման գործընթաց` հղում կատարելով այն տեղեկագրին կամ պաշտոնական ինտերնետային կայքին, որտեղ հրապարակված է նախկինում տրված պաշտոնական պարզաբանումը:
(306-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)