Հոդված 8.1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, մաքսային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում
Հոդված 8.1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, մաքսային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում
1. Մաքսային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը մաքսային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն մեկ անգամ կազմակերպում և անցկացնում է մաքսային ծառայողի, այդ թվում՝ ղեկավար պաշտոնների պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն): Սույն մասի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:
2. Ընդունելության կարգը հաստատում է կոմիտեի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, հարցազրույցի հանձնաժողովի ձևավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության արդյունքների ամփոփման, ընդունելության կազմակերպմանը և անցկացմանը մաքսային մարմնի կողմից ուսումնական կենտրոնին օժանդակելու հետ կապված հարաբերությունները:
3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տարիքային ցենզի, բարձրագույն կրթության և հայերենին տիրապետելու պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, կամ ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում նա սույն հոդվածի 9-րդ, 14-րդ մասերով կամ սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքով ստացել է բացասական գնահատական:
4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները.
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ կոմիտեի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը:
5. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:
6. Թեստավորման պահանջները հաստատում է կոմիտեի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:
7. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում կոմիտեի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք:
8. Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը:
9. Հարցազրույցի կազմակերպման համար սույն հոդվածի 8-րդ մասում նշված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար: Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը մաքսային մարմնի կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքով մասնակիցն ստանում է դրական կամ բացասական գնահատական:
10. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, ամփոփիչ քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է կոմիտեի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:
11. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի արդյունքներն ամփոփելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով, և որի ձևը հաստատում է կոմիտեի ղեկավարը: Եթե պատրաստման հավաստագրի գործողության ավարտին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից պատրաստման դասընթաց չի անցկացվել, ապա պատրաստման հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև պատրաստման հավաստագրի գործողության վերջնաժամկետից հետո կազմակերպված պատրաստման դասընթացի արդյունքով պատրաստման հավաստագիր տրամադրելու օրը, իսկ պատրաստման դասընթացը չհաղթահարելու դեպքում՝ մինչև պատրաստման դասընթացը չհաղթահարելու օրը:
12. Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են մաքսային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր:
13. Ծառայողական առաջխաղացման հիմքով մաքսային ծառայության պաշտոնի (այդ թվում՝ ղեկավար) նշանակվելիս մաքսային ծառայողի պատրաստման հավաստագրի գործողությունը շարունակվում է մինչև պատրաստման հավաստագրի գործողության՝ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը: Ծառայողական առաջխաղացման արդյունքով զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատրաստման հավաստագրի ստացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
14. Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչև պաշտոնի նշանակումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված՝ կոմիտեի ղեկավարի սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում կոմիտեի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պատրաստման հավաստագիր ստացած անձը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքով պատրաստման հավաստագիր ստացած անձը ստանում է դրական կամ բացասական գնահատական: Հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալու հիմքով պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է:
15. Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով մաքսային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար:
(8.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն, խմբ. 16.04.26 ՀՕ-146-Ն, փոփ. 07.05.26 ՀՕ-186-Ն)
(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(07.05.26 ՀՕ-186-Ն օրենքն ունի անցումային դրույթ)