Հոդված 3.1. Մաքսային ծառայողը
Հոդված 3.1. Մաքսային ծառայողը
1. Մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մաքսային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է մաքսային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
(3.1-ին հոդվածը լրաց. 29.02.24 ՀՕ-101-Ն)
ՀՈԴՎԱԾ 4. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Մաքսային ծառայության խնդիրներն են Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության իրականացումը, մաքսային գործի և մաքսային մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացման ապահովումը:
ՀՈԴՎԱԾ 5. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված մաքսային ծառայության պաշտոնների վրա:
(5-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)
(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ՝ կոմիտեի ղեկավար):
2. Մաքսային ծառայությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:
3. Մաքսային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, գործում են հրապարակայնորեն` ապահովելով պետական, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:
4. Մաքսային ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով: Մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողները տեղափոխվում են մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում` Կառավարության սահմանած կարգով:
(6-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)
(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)