Հոդված 14. Ավիացիոն ապահովություն
Հոդված 14. Ավիացիոն ապահովություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ առաջարկել խորհրդակցություններ անցկացնել մյուս Պայմանավորվող կողմից ընդունված անվտանգության այն ստանդարտների շուրջ, որոնք առնչվում են անձնակազմի, օդանավի կամ դրանց գործունեության որևէ ոլորտին: Նման խորհրդակցությունները տեղի կունենան դրանց անցկացման վերաբերյալ առաջարկությունը ներկայացնելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում:
2. Եթե այդ խորհրդակցությունների արդյունքում մի Պայմանավորվող կողմը հայտնաբերում է, որ մյուս Պայմանավորվող կողմը արդյունավետորեն չի հետևում և կարգավորում ավիացիոն ապահովության այն ստանդարտները, որոնք պետք է առնվազն համապատասխանեն Կոնվենցիայի հիման վրա հաստատված ստանդարտների նվազագույն չափանիշներին, ապա առաջին Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմին կծանուցի այդ հայտնաբերման և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են վերոհիշյալ ստանդարտների նվազագույն չափանիշները պահպանելու համար, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկելիք համապատասխան միջոցների մասին: Եթե տասնհինգ (15) օրվա կամ, պայմանավորվածության դեպքում, ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում մյուս Պայմանավորվող կողմը համապատասխան միջոցներ չձեռնարկի, դա հիմք կհանդիսանա սույն Համաձայնագրի 4 հոդվածը կիրառելու համար:
3. Չնայած Կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորություններին, ընդունված է, որ մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող օդանավը, որը փոխադրումներ է կատարում դեպի մյուս կողմի տարածք կամ այդ տարածքից, կարող է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելիս ենթարկվել ստուգման այդ Պայմանավորվող կողմի լիազոր ներկայացուցիչների կողմից, օդանավում կամ օդանավից դուրս, օդանավի և անձնակազմի փաստաթղթերի վավերական լինելը, օդանավի և դրա սարքավորումների առկա վիճակը (սույն հոդվածում՝ «խառը ստուգում») պարզելու համար՝ այն պայմանով, որ այդ ստուգումը չհանգեցնի անհիմն ուշացման:
4. Եթե նման խառը ստուգման կամ մի շարք խառը ստուգումների հետևանքով առաջանում են՝
ա) լուրջ մտահոգություններ, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում Կոնվենցիայի հիման վրա հաստատված նվազագույն ստանդարտներին,
բ) լուրջ մտահոգություններ, որ բացակայում է Կոնվենցիայի հիման վրա հաստատված ավիացիոն ապահովության ստանդարտների արդյունավետ պահպանումը և կարգավորումը, ստուգումն անցկացնող Պայմանավորվող կողմը, Կոնվենցիայի 33-րդ հոդվածի նպատակներով, ազատ է եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց համաձայն տրվել են օդանավին կամ դրա անձնակազմին վերաբերող վկայագիրը կամ արտոնագրերը, կամ ճանաչվել են վավերական, կամ որ այն պահանջները, որոնց համաձայն օդանավը շահագործվում է, չեն համապատասխանում Կոնվենցիայի հիման վրա հաստատված ստանդարտների նվազագույն չափանիշներին կամ դրանցից ավելի խիստ են:
5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող օդանավի՝ վերոհիշյալ 3-րդ կետի համաձայն խառը ստուգում անցկացնելը մերժվում է այդ ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցչի կողմից, մյուս Պայմանավորվող կողմը կարող է հետևություն անել, որ առաջանում են 4-րդ կետում նշված մտահոգությունները, և հանգել այդ կետում նշված հետևություններին:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում անմիջապես դադարեցնելու կամ փոխելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման լիազորությունը, եթե առաջին Պայմանավորվող կողմը խառը ստուգման, խորհրդակցության արդյունքում կամ այլ կերպ եզրակացնում է, որ նման գործողությունը կարևոր է ավիաընկերության շահագործման ապահովության համար:
7. Մի Պայմանավորվող կողմի ցանկացած գործողություն, որը կատարվել է վերոհիշյալ 2-րդ կամ 6-րդ կետերի համաձայն, պետք է կասեցվի այն դեպքում, երբ այդ գործողության ձեռնարկման հիմքը դադարում է գոյություն ունենալուց: