Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ
Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ
1. Այն դեպքում, երբ անձը կարծում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:
2. Եթե դիմում-բողոքը համարվում է արդարացի, և եթե իրավասու մարմինը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա կձգտի գործը վճռել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռքբերված համաձայնություն իրականացվում է` անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած տարաձայնություն կամ կասկած կձգտեն լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ` սույն Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ՝ նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով, այդ թվում` իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով:
5. Եթե սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման շուրջ ծագած տարաձայնությունները կամ կասկածները Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները, սույն հոդվածի նախորդ դրույթների համաձայն, փոխհամաձայնեցման ընթացակարգը սկսելու օրվանից 2 տարվա ընթացքում չկարողանան լուծել փոխադարձ համաձայնությամբ, ապա գործը բոլոր հարկատուների կողմից կազմված դիմումի հիման վրա կարող է ներկայացվել միջնորդ դատարան այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից, որը սկսել է փոխհամաձայնեցման ընթացակարգը: Միջնորդ դատարանը պետք է կազմված լինի յուրաքանչյուր Պայմանավորվող պետության իրավասու մարմնի մեկական ներկայացուցչից և յուրաքանչյուր Պայմանավորվող պետության անկախ անձից, որը պետք է նշանակվի միջնորդ դատավորների ցուցակից՝ նրանց ծառայողական դիրքին համապատասխան: Միջնորդ դատավորները մեկ այլ անձի պետք է ընտրեն որպես նախագահի, որը պետք է ունենա որակավորում, որը անհրաժեշտ է իր երկրում բարձր դատական պաշտոնի նշանակվելու համար, կամ պետք է լինի իրավասու հեղինակավոր իրավախորհրդատու: Յուրաքանչյուր Պետություն միջնորդ դատավորների ցուցակի համար պետք է ներկայացնի հինգ իրավասու անձանց: Հարկատուի խնդրանքով նրա գործը պետք է լսվի միջնորդ դատարանում: Միջնորդ դատարանը իր որոշումը պետք է ուղարկի գործի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս անց: Առանձին գործի համար կայացրած որոշումը պետք է պարտադիր լինի երկու Պայմանավորվող պետությունների և բոլոր հարկատուների համար, որոնց առնչվում է այն: