Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, որը հանդիսանում է ռոյալթիի փաստացի սեփականատերը, վճարված ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է՝ այդ Պետության օրենքների համաձայն, սակայն եթե ստացողը ռոյալթիի փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն տվյալ սահմանափակման կիրառման եղանակը:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում կիրառելիս նշանակում է` ցանկացած տեսակի վճարում, որը ստացվում է որպես վճարում՝ գրական, արվեստի կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների կամ ռադիոյով կամ հեռուստացույցով հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի կամ ձայներիզների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար կամ էլ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում՝ այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ վճարվում է ռոյալթին, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտն է: Սակայն, երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ կայուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ կայուն բազան, ապա այդպիսի ռոյալթին կհամարվի առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն բազան:
6. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա` յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: