Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.
ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Ավստրիա,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետություն,
գ) «Ավստրիա» տերմինը նշանակում է Ավստրիայի Հանրապետություն,
դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավորում, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետությունում որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարություն ունեցող ձեռնարկության կողմից շահագործվող ծովային նավով կամ օդանավով, բացառությամբ այն դեպքերի, երբ ծովային նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար և պետական եկամուտների նախարար կամ նրանց լիազոր ներկայացուցիչներ,
ii) Ավստրիայի դեպքում՝ ֆինանսների ֆեդերալ նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչ,
թ) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ միավորում, որը Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա ստացել է իր այդ կարգավիճակը:
2. Պայմանավորվող պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահի կիրառվելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան: Այդ Պետության գործող՝ համապատասխան հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինի համար սահմանված նշանակության նկատմամբ: