Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը վերը նշված ձևով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որն այն կարող էր ստանալ՝ նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն՝ լինելով ինքնուրույն և առանձին ձեռնարկություն ու գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել մշտական հաստատության նպատակների համար կրած փաստացի ծախսերը, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, ինչպես այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլ վայրերում: Սակայն չի թույլատրվի նվազեցնել այն գումարները (եթե այդպիսիք կան), որոնք մշտական հաստատության կողմից վճարված են (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին՝ պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիների, հոնորարների կամ այլ համանման վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, մշտական հաստատությանը տրամադրված փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով: Նմանապես, մշտական հաստատության շահույթը որոշելիս հաշվի չեն առնվի մշտական հաստատությանը վճարված գումարները (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկության գլխավոր գրասենյակի կամ նրա այլ գրասենյակների կողմից՝ պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիների, հոնորարների կամ այլ համանման վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, ձեռնարկության ղեկավարությանը կամ նրա այլ գրասենյակներին տրամադրած փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով:
4. Այնքանով, որքանով Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ստորաբաժանումների միջև բաշխելու հիման վրա, 2-րդ կետի ոչ մի դրույթ չի խոչընդոտի այդ Պայմանավորվող պետությանը` հաշվառելու ընդունված բաշխման եղանակի հիման վրա հարկման ենթակա շահույթը: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:
5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը՝ այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքներ կամ արտադրանք գնելու պատճառով:
6. Նախորդ կետերի կիրառման դեպքում մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի կորոշվի միևնույն եղանակով, եթե հակառակն անելու համար չկա հիմնավոր և բավարար պատճառ:
7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա:
8. Սույն հոդվածում օգտագործվող «շահույթ» տերմինն ընդգրկում է ցանկացած մասնակցի կողմից ընկերակցությունում կամ հարկման նպատակներով նույն կերպ դիտարկվող անձանց այլ միավորումում մասնակցությունից ստացված շահույթը: