Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Հատուկ միության Ասամբլեա

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հատուկ միության Ասամբլեա

1) ա) Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որը բաղկացած է Հատուկ միության երկրներից:

բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի Կառավարություն ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:

գ) Ասամբլեայի նիստերում, իսկ եթե Ասամբլեան որոշի, ապա նաև այնպիսի կոմիտեներում և աշխատանքային խմբերում, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կողմից, 5(2)(բ) հոդվածում հիշատակված ցանկացած միջկառավարական կազմակերպություն կարող է ներկայացված լինել դիտորդի կարգավիճակով:

դ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը կատարում է նրան նշանակած Կառավարությունը:

2) ա) Համաձայն 5-րդ հոդվածի դրույթների՝ Ասամբլեան.

i) քննարկում է Հատուկ միության պահպանմանն ու զարգացմանը և սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերը.

ii) վերանայման համաժողովների նախապատրաստման հետ կապված՝ հանձնարարականներ է տալիս Միջազգային բյուրոյին.

iii) քննարկում և հաստատում է Գլխավոր տնօրենի հաշվետվությունները և գործունեությունը, որոնք վերաբերում են Հատուկ միությանը, և Հատուկ միության իրավասության մեջ մտնող հարցերով նրան տալիս է բոլոր անհրաժեշտ ցուցումները.

iv) որոշում է ծրագիրը և ընդունում է Հատուկ միության երկամյա բյուջեն և հաստատում է նրա վերջնական հաշվետվությունները.

v) ընդունում է Հատուկ միության ֆինանսական կանոնակարգը.

vi) որոշում է, անգլերենից և ֆրանսերենից բացի, այլ լեզուներով Պատկերային տարրերի դասակարգման պաշտոնական տեքստերի նախապատրաստման հարցը.

vii) ստեղծում է այնպիսի կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Հատուկ միության նպատակների իրականացման համար.

viii) հաշվի առնելով (1)(գ) կետի դրույթները՝ որոշում է, թե Հատուկ միության անդամ որ երկրներին և որ միջկառավարական ու միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին է թույլատրվում դիտորդի կարգավիճակով մասնակցել հանդիպումներին, ինչպես նաև իր ստեղծած ցանկացած կոմիտեի և աշխատանքային խմբի նիստերին.

ix) Հատուկ միության նպատակներին հասնելու համար իրականացնում է ցանկացած այլ գործողություն.

x) կատարում է սույն Համաձայնագրին համապատասխան բոլոր այլ գործառույթները.

բ) այն հարցերով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նաև այլ Միությունների համար, որոնց ղեկավարումն իրականացնում է Կազմակերպությունը, Ասամբլեան որոշումներ ընդունում է` խորհրդակցելով Կազմակերպության համակարգող կոմիտեի հետ:

3) ա) Ասամբլեայի անդամ յուրաքանչյուր պետություն ունի մեկ քվե:

բ) Ասամբլեայի անդամ երկրների կեսը կազմում է քվորումը:

գ) Քվորումի բացակայության դեպքում Ասամբլեան կարող է ընդունել որոշում, սակայն Ասամբլեայի բոլոր նման որոշումները, բացառությամբ իր սեփական կանոններին վերաբերող որոշումների, պարտադիր են դառնում միայն հետևյալ պայմանները պահպանելու դեպքում: Միջազգային բյուրոն այդպիսի որոշումներն ուղարկում է Ասամբլեայի այն անդամ երկրներին, որոնք ներկայացված չեն եղել, և առաջարկում է որոշումներն ուղարկելու ամսաթվից եռամսյա ժամկետում գրավոր հայտնել՝ իրենք քվեարկե՞լ են, թե ձեռնպահ են մնացել: Եթե այդ ժամկետի ավարտին այդ եղանակով կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկած անդամների քանակը հասնի առնվազն այն քանակին, որը չէր բավականացնում տվյալ նստաշրջանում քվորում ունենալու համար, այդպիսի որոշումներն ուժի մեջ են մտնում՝ պայմանով, որ միաժամանակ պահպանվի անհրաժեշտ մեծամասնություն:

դ) Հաշվի առնելով 11(2) հոդվածի դրույթները՝ Ասամբլեայի որոշումներն ընդունվում են տրված ձայների երկու երրորդով:

ե) Ձեռնպահների ձայները հաշվի չեն առնվում:

զ) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր և քվեարկել միայն նրա անունից:

4) ա) Ասամբլեայի հերթական նստաշրջանը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ՝ Գլխավոր տնօրենի գումարմամբ, և բացառիկ դեպքերից բացի՝ նույն ժամանակ և նույն տեղում, ինչ Կազմակերպության Գլխավոր ասամբլեան:

բ) Ասամբլեան հրավիրվում է արտակարգ նստաշրջանի, որը գումարվում է Գլխավոր տնօրենի նախաձեռնությամբ կամ Ասամբլեայի անդամ երկրների մեկ քառորդի պահանջով:

գ) Յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգ նախապատրաստում է Գլխավոր տնօրենը:

5) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։