Հոդված 5. Փորձագետների կոմիտե
Հոդված 5. Փորձագետների կոմիտե
1) Փորձագետների կոմիտեն հիմնադրվում է այնտեղ, որտեղ Հատուկ միության յուրաքանչյուր երկիր ներկայացված է:
2) ա) Գլխավոր տնօրենը կարող է և, Փորձագետների կոմիտեի խնդրանքով, պարտավոր է Փորձագետների կոմիտեի նիստերին որպես դիտորդ ներկայացված լինելու համար հրավիրել այն երկրներին, որոնք Հատուկ միության անդամ չեն, բայց Կազմակերպության կամ Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի անդամներ են:
բ) Գլխավոր տնօրենը հրավիրում է Փորձագետների կոմիտեի նիստերին որպես դիտորդներ ներկայացված լինելու համար նշանների բնագավառում մասնագիտացած միջկառավարական կազմակերպություններին, որոնց անդամ երկրներից առնվազն մեկը սույն Համաձայնագրի կողմ է:
գ) Գլխավոր տնօրենը կարող է և, Փորձագետների կոմիտեի խնդրանքով, պարտավոր է հրավիրել այլ միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների` մասնակցելու իրենց հետաքրքրող քննարկումներին:
3) Փորձագետների կոմիտեն՝
i) ուղղումներ և լրացումներ է կատարում Պատկերային տարրերի դասակարգման մեջ.
ii) Հատուկ միության երկրներին ուղարկում է հանձնարարականներ, որոնք դյուրացնում են Պատկերային տարրերի դասակարգման օգտագործումը և աջակցում են դրա միատեսակ կիրառմանը.
iii) ձեռնարկում է բոլոր այլ միջոցները, որոնք Հատուկ միության կամ Կազմակերպության բյուջեի համար չառաջացնելով ֆինանսական հետևանքներ՝ նպաստում են զարգացող երկրների կողմից Պատկերային տարրերի դասակարգման կիրառմանը.
iv) իրավասու է ստեղծելու ենթակոմիտեներ և աշխատանքային խմբեր:
4) Փորձագետների կոմիտեն ընդունում է ընթացակարգի իր կանոնները: Վերջինս հնարավորություն է տալիս 2(բ) կետում նշված միջկառավարական կազմակերպություններին՝ մասնակցելու Փորձագետների կոմիտեի ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի նիստերին, ինչը կարող է էապես նպաստել Պատկերային տարրերի դասակարգման զարգացմանը:
5) Պատկերային տարրերի դասակարգման մեջ ուղղումներ կամ լրացումներ կատարելու հետ կապված առաջարկությունները կարող են կատարվել Հատուկ միության ցանկացած երկրի իրավասու գերատեսչության, Միջազգային բյուրոյի, (2) (բ) կետի համաձայն՝ Փորձագետների կոմիտեում ներկայացված որևէ միջկառավարական կազմակերպության և նման առաջարկություններ ներկայացնելու համար Փորձագետների կոմիտեի կողմից հատուկ հրավիրված ցանկացած այլ երկրի կամ կազմակերպության կողմից: Առաջարկություններն ուղարկվում են Միջազգային բյուրո, որը դրանք ներկայացնում է Փորձագետների կոմիտեի անդամներին ու դիտորդներին ոչ ուշ, քան Փորձագետների կոմիտեի նստաշրջանից երկու ամիս առաջ, որտեղ ներկայացված առաջարկները քննարկվելու են:
6) ա) Փորձագետների կոմիտեի յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ քվե:
բ) Փորձագետների կոմիտեի կողմից որոշումներ ընդունելու համար պահանջվում է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող երկրների ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությունը:
գ) Ցանկացած որոշում ընդունելու համար, որը ներկա և քվեարկությանը մասնակցած երկրների ներկայացուցիչների ձայների մեկ հինգերորդի կողմից գնահատվում է որպես Պատկերային տարրերի դասակարգման հիմնական կառուցվածքի փոփոխության հանգեցնող կամ վերադասակարգման զգալի աշխատանք պահանջող որոշում, պահանջվում է ներկա գտնվող և քննարկմանը մասնակցող երկրների ներկայացուցիչների ձայների երեք քառորդը:
դ) Ձեռնպահ մնալը քվե չի համարվում: