Հոդված 9. Ֆինանսներ
Հոդված 9. Ֆինանսներ
1) ա) Հատուկ միությունն ունի բյուջե:
բ) Հատուկ միության բյուջեն ներառում է զուտ Հատուկ միության եկամուտները և ծախսերը, նրա վճարումները Միությունների ընդհանուր ծախսերի բյուջե, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, հատկացումներ կազմակերպության Կոնֆերանսների բյուջեին:
գ) Միությունների համար ընդհանուր են համարվում այն ծախսերը, որոնք չեն վերաբերում բացառապես տվյալ Հատուկ միությանը, այլ միաժամանակ մեկ կամ մի քանի այլ միությունների, որոնց կառավարումն իրականացնում է Կազմակերպությունը: Այդ ընդհանուր ծախսերում Հատուկ միության մասնաբաժինը համապատասխանում է նման ծախսերում նրա շահագրգռվածությանը:
2) Հատուկ միության բյուջեն ստեղծվում է` պատշաճ ձևով հաշվի առնելով մյուս Միությունների բյուջեների հետ համակարգման պահանջները, որոնց կառավարումն իրականացնում է Կազմակերպությունը:
3) Հատուկ միության բյուջեն ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.
i) Հատուկ միության երկրների վճարներից.
ii) Հատուկ միությանը վերաբերող` Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար վճարներից և մուծումներից.
iii) Միջազգային բյուրոյի` Հատուկ միությանը վերաբերող հրապարակումների վաճառքից կամ հոնորարներից.
iv) նվիրատվություններից, կտակած միջոցներից և լրավճարներից.
v) վարձավճարներից, տոկոսներից և այլ տարբեր եկամուտներից.
4) ա) (3)(i) կետում նշված իր վճարը որոշելու համար Հատուկ միության յուրաքանչյուր երկիր դասվում է այն նույն դասին, որին նա պատկանում է Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան միությունում, և իր տարեկան վճարները մուծում է այն նույն միավորների թվի հիման վրա, որը այդ Միությունում հաստատվում է տվյալ դասի համար:
բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի տարեկան վճարը հավասար է այն գումարին, որը հարաբերվում է բոլոր երկրների կողմից Հատուկ միության բյուջե մուծման ենթակա վճարների ընդհանուր գումարին այնպես, ինչպես նրա միավորների քանակն է հարաբերվում վճարներ մուծող բոլոր երկրների միավորների ընդհանուր քանակին:
գ) Վճարները ենթակա են մուծման յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:
դ) Այն երկիրը, որը գումարային պարտք ունի, Հատուկ միության բոլոր մարմիններում կորցնում է քվեարկելու իրավունքը, եթե նրա պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու տարիների համար մուծման ենթակա վճարների գումարին: Այնուամենայնիվ, Հատուկ միության այդ մարմիններից ցանկացածը կարող է թույլատրել այդպիսի երկրին շարունակել օգտվել քվեարկելու իրավունքից այդ մարմնում, եթե և քանի դեռ նա համոզված է, որ վճարման ուշացումը կատարվել է բացառիկ և անխուսափելի պայմաններում:
ե) Այն դեպքում, երբ մինչև նոր ֆինանսական ժամանակաշրջանի սկիզբը բյուջեն ընդունված չէ` ֆինանսական կանոնակարգերի համաձայն, գործում է նախորդ տարվա մակարդակի բյուջեն:
5) Հատուկ միության անունից Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար գանձվող վճարների և գանձույթների չափը սամանվում է Գլխավոր տնօրենի կողմից, որն այդ մասին զեկուցում է Ասամբլեային:
6) ա) Հատուկ միությունն ունի շրջանառու միջոցների ֆոնդ, որը բաղկացած է Հատուկ միության յուրաքանչյուր երկրի կողմից մուծվող միանվագ վճարներից: Եթե շրջանառու միջոցների ֆոնդը դառնում է ոչ բավարար, ապա Ասամբլեան որոշում է ընդունում դրա ավելացման մասին:
բ) Նշված ֆոնդում յուրաքանչյուր երկրի սկզբնական վճարի չափը կամ այդ ֆոնդի ավելացման նրա մասը համամասնական են այդ երկրի վճարին այն տարվա համար, երբ ստեղծվել է ֆոնդը, կամ որոշում է ընդունվել դրա ավելացման մասին:
գ) Այդ համամասնությունը և վճարման պայմանները, Գլխավոր տնօրենի առաջարկությամբ, հաստատվում են Ասամբլեայի կողմից` Կազմակերպության համակարգող կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո:
7) ա) Կենտրոնական գրասենյակի մասին համաձայնագրում, որը կնքվում է այն երկրի հետ, որի տարածքում Կազմակերպությունն ունի իր կենտրոնական գրասենյակը, նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ շրջանառու միջոցների հիմնադրամը կդառնա ոչ բավարար, այդ երկիրը կտրամադրի կանխավճար: Այդ կանխավճարների գումարը և տրամադրման պայմանները յուրաքանչյուր դեպքում հանդիսանում են այդպիսի երկրի և Կազմակերպության միջև առանձին համաձայնագրի առարկա:
բ) Ինչպես «ա» ենթակետում նշված երկիրը, այնպես էլ Կազմակերպությունը իրավունք ունեն գրավոր ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել կանխավճարների տրամադրման մասին պարտավորությունը: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այն տարվա ավարտից երեք տարի անց, որում կատարվել է այդ ծանուցումը:
8) Հաշվետվությունների վերստուգումն իրականացվում է ֆինանսական կանոնակարգերի համաձայն՝ Հատուկ միության մեկ կամ մի քանի երկրների կամ արտաքին վերստուգողների կողմից: Նրանք նշանակվում են Ասամբլեայի կողմից` իրենց համաձայնությամբ: