Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս
Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`
1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.
2) բժշկական հիմնարկներ բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց.
3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ.
4) միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ոստիկանության պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների, դատավարության այլ մասնակիցների և դատավարությանն աջակցող անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործություններից և այլ իրավախախտումներից, դժբախտ դեպքերից տուժած, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու համար:»: