Հոդված 16
Հոդված 16.
Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս
Ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի՝
1) գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու հանցագործության կատարման կասկածանքով բերման ենթարկված, ձերբակալված, հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց, ստանալու մատնադրոշմային նմուշներ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունը արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, կինո-լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական և հատուկ միջոցներ.
2) իր վարույթում գտնվող գործերով և նյութերով ծանուցելու քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց` ներկայանալ ոստիկանություն, բերման ենթարկելու առանց հարգելի պատճառների ներկայանալուց խուսափողներին, քննելու հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց.
3) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ուղարկելու կամ հասցնելու բժշկական հաստատություն՝ նրանց օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է հանցագործության փաստը հաստատելու կամ հերքելու կամ գործն օբյեկտիվորեն քննելու համար.
4) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու, ինչպես նաև դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների և հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով:
Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:
Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:
Եթե ոստիկանությունը բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք է գործել դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի դրա հետագա անվտանգությունը:
Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում ծանուցում է դատախազին.
5) հանցագործության առկայության դեպքում իրականացնելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ.
6) կատարելու փորձաքննություններ՝ քրեական գործերով, ինչպես նաև գիտատեխնիկական հետազոտություններ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով.
7) անհրաժեշտության դեպքերում օգտվելու կազմակերպությունների և քաղաքացիների տրանսպորտի և կապի միջոցներից` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ:
Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնելու նաև օպերատիվ-հետախուզական և այլ օրենքներով իրեն վերապահված գործողություններ:»: