Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը
Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը
Հայտարարագրման ենթակա է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը՝
1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու: Ընդ որում, քառասուն միլիոն դրամը գերազանցող արժեք ունեցող բնակելի նշանակության (բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, բնակելի տունը և նրան կից տնտեսական շինությունները՝ անասնաշենք, հացատուն, ամառային խոհանոց, մարագ) շինությունները հայտարարագրվում են պարտադիր, իսկ քառասուն միլիոն դրամից պակաս արժեք ունեցող բնակելի նշանակության շինությունները՝ հայտարարատուի հայեցողությամբ.
2) շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) դրամական միջոցը, բանկերում և (կամ) վարկային կազմակերպություններում ունեցած հաշիվների, այդ թվում՝ ավանդների գումարները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).
4) արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը՝ բացառությամբ բանկային վկայագիրը) և (կամ) այլ ներդրումը (բաժնեմասը, փայաբաժինը և այլն).
5) թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորը.
6) պահանջի իրավունքը.
7) սույն հոդվածի 1-6-րդ կետերում չնշված այն գույքը, որի օտարումը հայտարարատուին կարող է ապահովել վեց միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի եկամուտ: Նշված գույքը հայտարարագրվում է հայտարարատուի հայեցողությամբ: