Հոդված 35
Հոդված 35.
Արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:
Եթե սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագիր ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով:
Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ միասին: Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
(35-րդ հոդվածը խմբ. 07.10.97 ՀՕ-150)