Հոդված 5. Սեփականազրկում
Հոդված 5. Սեփականազրկում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չեն կարող ազգայնացվել, բռնագրավվել կամ ենթարկվել ազգայնացմանը կամ բռնագրավմանը համարժեք ազդեցություն ունեցող միջոցների (այսուհետ` սեփականազրկում), բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ պետության` ելնելով այդ Կողմի ներքին կարիքներից, անխտրականության հիման վրա և արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցման դիմաց: Այդպիսի փոխհատուցումը պետք է հավասար լինի անմիջապես մինչև սեփականազրկումը բռնագրավված ներդրումների բուն արժեքին, պետք է ներառի մինչև վճարման օրը եղած սովորական առևտրային տոկոսները, պետք է կատարվի առանց ոչ խելամիտ ձգձգումների, լինի գործնականում իրագործելի և ազատ փոխանցելի: Քաղաքացիները կամ ընկերությունները, որոնց շահերը ոտնահարվել են, իրավունք ունեն սեփականազրկում իրականացնող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան դիմելու այդ Կողմի դատական կամ այլ անկախ մարմին իրենց խնդրի քննության և իրենց ներդրումների գնահատման համար` սույն կետում նշված սկզբունքների համաձայն:
2. Եթե Պայմանավորվող կողմը սեփականազրկում է մի ընկերության ունեցվածքը, որը կազմավորվել կամ հիմնադրվել է իր տարածքում` գործող օրենսդրության համաձայն, և որում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիները կամ ընկերությունները բաժնեմաս ունեն, ապա առաջին Պայմանավորվող կողմը պետք է ապահովի, որպեսզի սույն հոդվածի առաջին կետի դրույթները կիրառվեն անհրաժեշտ չափով` երաշխավորելու համար մյուս Պայմանավորվող կողմի` բաժնեմաս ունեցող քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցումը: