Հոդված 12
Հոդված 12
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ, որը ընդունելի ժամանակահատվածի ընթացքում չի կարող կարգավորվել դիվանագիտական բանակցությունների միջոցներով, եթե Կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել, Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով կներկայացվի երեք անդամներից կազմված միջնորդ դատարանին: Յուրաքանչյուր Կողմ կնշանակի մեկ միջնորդ դատավորի, և այդ նշանակված երկու դատավորները կնշանակեն երրորդ դատավորին` որպես նախագահի, որը Կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ:
2. Եթե Կողմերից մեկը մյուս Կողմի` այդպիսի նշանակում կատարելու հրավերից հետո երկու ամսվա ընթացքում չի նշանակում իր դատավորին, այդ մյուս Կողմը կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումը:
3. Եթե երկու դատավորներն իրենց նշանակումից հետո երկու ամսվա ընթացքում համաձայնության չեն գալիս երրորդ դատավորի ընտրության հարցում, յուրաքանչյուր Կողմ կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումը:
4. Եթե սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում Արդարադատության միջազգային դատարանի նախագահը չի կարող կատարել նշված նշանակումները, կամ նա Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է, նախագահի տեղակալը կհրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումները: Եթե նախագահի տեղակալը չի կարող կատարել նշված նշանակումները, կամ նա Կողմերից մեկի քաղաքացի է, դատարանի ամենաավագ անդամը, որը Կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ, կհրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումները:
5. Միջնորդ դատարանը որոշումը ընդունում է օրենքի հիման վրա: Մինչև դատարանի կողմից որոշում ընդունվելը դատարանը դատավարության որևէ փուլում կարող է Կողմերին առաջարկել վեճը կարգավորել բարեկամաբար: Վերոհիշյալ դրույթները չպետք է խոչընդոտեն վեճի կարգավորմանը ex aeaquo et bono, եթե Կողմերը համաձայնել են դրան:
6. Եթե Կողմերը այլ բան չեն որոշել, միջնորդ դատարանն ինքը կսահմանի դատավարության ընթացակարգը:
7. Միջնորդ դատարանը իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումը վերջնական է և Կողմերի համար պարտադիր: