Հոդված 54. Դատախազի ատեստավորումը
Հոդված 54. Դատախազի ատեստավորումը
1. Դատախազների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դատախազության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:
2. Դատախազները երեք տարին մեկ անցնում են ատեստավորում:
3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանի հիման վրա կամ դատախազի ցանկությամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է դատախազի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն՝
1) գլխավոր դատախազը և նրա տեղակալները.
2) Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերը.
3) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դատախազները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
9. Ատեստավորման ենթակա դատախազները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է դատախազի գնահատագիրը:
11. Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
12. Դատախազն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:
13. Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դատախազի ատեստավորման արդյունքների վրա:
14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:
15. Դատախազն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք գլխավոր դատախազին:
16. Որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է գլխավոր դատախազին:
17. Գլխավոր դատախազն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքները ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ դատախազի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում գլխավոր դատախազը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:
18. Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը: