Հոդված 28. Հասարակական կազմակերպության լուծարումը
Հոդված 28. Հասարակական կազմակերպության լուծարումը
Հասարակական կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Հասարակական կազմակերպությունը կարող է լուծարվել իր բարձրագույն մարմնի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ:
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը հասարակական կազմակերպության լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել արդարադատության նախարարությանը, որը հասարակական կազմակերպությունների պետական գրանցման միասնական մատյանում գրառում է կատարում հասարակական կազմակերպության լուծարման գործընթացում գտնվելու մասին:
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորում է լուծարքային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգը և ժամկետները:
Հասարակական կազմակերպության լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է նրա կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծում է դատարանը:
Հասարակական կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով: