Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1. -1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1-1. Սահմանումներ

Սույն պայմանագրի շրջանակներում`

Պայմանագիր` նշանակում է սույն պայմանագիրն իր հավելվածներով;

Կիրառվող օրենսդրություն` նշանակում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը;

Լիազոր մարմին` նշանակում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն;

Աշխատանքային օր` նշանակում է ցանկացած օր, բացի կիրառվող օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրերից;

Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվ` նշանակում է այն օրը, երբ սույն պայմանագիրը իրավաբանական ուժ է ստանում կողմերի համար, այսինքն`սույն պայմանագրի 3-2 հոդվածում ամրագրված պարտավորությունների կատարման օրը, որը չի կարող գերազանցել սույն պայմանագրի ստորագրման պահից հարյուր քսան (120) օրյա ժամկետը, եթե այն չի հետաձգվում սույն պայմանագրի 3-3 հոդվածով նախատեսված կարգով;

Կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթիվ` նշանակում է կոնցեսիոների կողմից կոնցեսիոն գործունեություն սկսելու օրը, այսինքն սույն պայմանագրի 4-1 հոդվածում ամրագրված պայմանների Կոնցեսիոների կողմից կատարման օրը, որը չի կարող գերազանցել սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից վաթսուն (60) օրյա ժամկետը;

Կոնցեսիոն ակտիվներ` նշանակում է երկաթուղային տրանսպորտի օբյեկտներ, անշարժ և շարժական գույք, փոխանցված կոնցեսիոներին սույն պայմանագրին համապատասխան, բացառությամբ շարժակազմի;

Կոնցեսիոն գործունեություն` նշանակում է.

ա) Կոնցեսիոն ակտիվների օգտագործումը, կառավարումը, շահագործումը, սպասարկումը և բարելավումը;

բ) Երկաթուղային ցանցով երկաթուղային փոխադրման ծառայությունների անվտանգ, որակյալ և անխափան մատուցումը;

Վեճ` նշանակում է ցանկացած տարաձայնություն, որը կողմերի միջև առաջանում է սույն պայմանագրի շրջանակներում, բացառությամբ լիցենզիայի հետ կապված վեճերի, որոնք կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով;

Ծառայության զգալի նվազեցում` նշանակում է իրավիճակ, երբ ցանկացած եռամսյա ժամկետում Կոնցեսիոները յուրաքանչյուր ամիս փոխադրում է ավելի քիչ, քան հետևյալ ծավալներից առավելագույնը`

ա) նախորդ (3)երեք տարիների ընթացքում Կոնցեսիոների կողմից համահարժեք ժամանակահատվածում իրականացված փոխադրումների միջին ամսեկան ծավալի յոթանասունհինգ (75) տոկոսը, կամ

բ) 2005-2007 թվականների ընթացքում «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից համահարժեք ժամանակահատվածում իրականացված փոխադրումների միջին ամսեկան ծավալի յոթանասունհինգ (75) տոկոսը;

Երկաթուղային փոխադրման ծառայություններ` նշանակում է ցանկացած երկաթուղային բեռնափոխադրումային և/կամ ուղևորափոխադրումային ծառայություններ;

Երկաթուղային ցանց` նշանակում է տեխնոլոգիական համալիր, որն իր մեջ ներառում է ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և այլ շինություններ, երկաթուղային կայարաններ, էլեկտրամատակարարման կառույցներ, կապի ցանցեր, ազդանշանային համակարգեր, ինժեներական կառույցներ, տեղեկատվական համալիրներ և երթևեկության կառավարման համակարգ, այլ շենքեր, կառույցներ, շինություններ և սարքավորումներ, որոնք ապահովում են այդ համալիրի գործունեության իրականացումը;

Երկաթուղու շահագործում` նշանակում է կոնցենսիոն ակտիվների տեխնիկական ու առևտրական շահագործումը, ինչպես նաև երկաթուղային ցանցով գնացքների տեղափոխումների վերահսկումը;

Շարժակազմ` նշանակում է ցանկացած գնացքաքարշ, վագոն կամ այլ տեղափոխման միջոց, որը կարող է օգտագործվել երկաթգծի վրա;

Կրկնակի մրցույթի իրականացման ծախսեր` նշանակում են ողջամիտ և պատշաճ ծախսեր, որոնք կրել է կոնցեդենտը երկաթուղային փոխադրման ծառայությունների նոր մատակարար ներգրավելու համար մրցութային գործընթաց իրականացնելիս;

Էական ֆինանսական վնաս` նշանակում է «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի համախառն հասույթի քսան (20) տոկոսին հավասար կամ գերազանցող գումար;

Առևտրային պարտք` նշանակում է ցանկացած գումար կամ վճարում, որը վերագրված «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթիվը;

Օրենսդրության անբարենպաստ փոփոխություն` նշանակում է սույն պայմանագրի ստորագրման ամսաթվի դրությամբ ուժի մեջ գտնվող կիրառվող օրենսդրությունում միայն կոնցեսիոներին կամ (և) երկաթուղային տրանսպորտին վերաբերող խտրականություն պարունակող ցանկացած փոփոխություն, որոնց արդյունքում.

1) ավելանում են Կոնցեսիոների հարկային պարտավորությունները;

2) Կոնցեսիոների մոտ առաջանում է լրացուցիչ հարկերի և/կամ վճարների, այդ թվում` մաքսային, ներմուծման և արտահանման տուրքերի վճարման անհրաժեշտություն;

3) մտցվում են սահմանափակումներ արտարժույթային գործառնությունների կամ կապիտալի վերադարձման վերաբերյալ;

4) բռնագրավվում կամ ազգայնացվում են Կոնցեսիոներին սեփականության իրավունքով պատկանող գույքը;

5) սահմանափակումներ են դրվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրանքների և/ կամ տեղեկատվության արտահանման և/կամ ներկրման նկատմամբ;

6) սահմանափակվում են Կոնցեսիոների իրավունքները կոնցեսիոն ակտիվների նկատմամբ կամ զրկում են այդ իրավունքներից;

7) ներկայացվում են նոր տեխնիկական չափանիշներ և կարգավորող ակտեր;

8) ցանկացած սահմանափակումների կիրառում այն գործողությունների վրա, ոոոնք իրականացվում են սույն պայմանագրի համաձայն կամ անհրաժեշտ են նրա կատարման համար;

9) «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-293-Ն 28.11.07 թ.) փոփոխության կատարում, որն անհնարին է դարձնում Կոնցեսիոների կողմից ողջամիտ շահույթի ստացումը:

Եթե օրենսդրության այդ փոփոխությունների հետևանքով.

(i) սույն պայմանագրի որևէ էական դրույթի կատարումը դառնում է անհնար կամ դրույթը համարվում է անվավեր;

(ii) Կոնցեսիոների համար սույն պայմանագրով իր պարտավորությունների իրականացման համար որևէ վճարում կատարելը կամ ստանալը կամ սույն պայմանագրով նախատեսված որևէ գույքային իրավունքի դարձնում է անհնար;

(iii) Կոնցեսիոներին էական ի ֆինանսական վնաս է պատճառում.

Ապահովված պարտավորություններ նշանակում է սույն պայմանագրով նախատեսված Կոնցեսիոների պարտավորությունները, որոնց կատարումը ապահովված է Երաշխավորի կողմից;

Երաշխիք նշանակում է սույն պայմանագրի 2-10 հոդվածում շարադրվածը;

Վճարման պահանջ նշանակում է Կոնցեդենտի գրավոր ծանուցումը Երաշխավորին ապահովված պարտավորությունների չափով վճարման պահանջի մասին, որոնք չեն կատարվել Կոնցեսիոների կողմից այդ պահանջի ներկայացման պահին և հաշվի ռեկվիզիտների մասին, որոնց վրա պետք է փոխանցվեն վճարումները: Վճարման պահանջում պետք է նշված լինեն վճարման ենթակա գումարը և դրա բռնագանձման հիմքերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։