Հոդված 26. Սահմանապահ զորքերի պարտականությունները
Հոդված 26. Սահմանապահ զորքերի պարտականությունները
Սահմանապահ զորքերը պարտավոր են`
1) խափանել պետական սահմանագծի ապօրինի ամեն մի փորձ,
2) ետ մղել զորախմբերի և կազմակերպված հանցավոր խմբերի զինված ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, խափանել Պետական սահմանում ծագող զինված և այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանը և սեփականության բոլոր ձևերը,
3) կանխել և թույլ չտալ անձանց և տրանսպորտային միջոցների Պետական սահմանի հատումը անցման կետերից դուրս կամ ապօրինի եղանակներով, հայտնաբերել և ձերբակալել Պետական սահմանը խախտողներին,
4) սահմանված կետերում համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում իրականացնել անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողումը Պետական սահմանով,
5) սահմանված կարգով, ինքնուրույն կամ մաքսային ծառայությունների հետ համատեղ կանխել Հայաստանի Հանրապետություն պայթուցիկ, թունավոր, ռադիոակտիվ, թմրեցուցիչ նյութերի, զենքի, ռազմամթերքի ապօրինի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման փորձերը, ինչպես նաև արգելված և մաքսանենգության այլ առարկաների փոխադրումը Պետական սահմանով,
6) ապահովել Պետական սահմանի ռեժիմի հարցերի վերաբերյալ այն պարտավորությունների կատարումը, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից,
7) ինքնուրույն կամ ներքին գործերի մարմինների հետ համատեղ հսկել սահմանային ռեժիմի պահպանումը,
8) ինքնուրույն կամ ներքին գործերի մարմինների, միջազգային թռիչքների համար բաց օդանավակայանների, սահմանամերձ երկաթուղային կայարանների և ավտոմոբիլային կայանների աշխատակիցների հետ համատեղ վերահսկել սահմանված ռեժիմի իրականացումը Պետական սահմանի անցման կետերում,
9) վերահսկողություն իրականացնել Պետական սահմանը հատող օդանավերի կամ թռչող այլ ապարատների կողմից թռիչքային և այլ կանոնների պահպանման նկատմամբ,
10) ծառայությունը կրելու շրջաններում դրա համար հատուկ լիազորված պետական մարմիններին անհրաժեշտ աջակցություն ցույց տալ բնական ռեսուրսները, ձկնորսության կանոնները, բնական միջավայրը աղտոտումից պահպանելու ուղղությամբ նրանց գործունեության ասպարեզում:
Սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անձանց դիմելիս պարտավոր են ներկայանալ, իսկ վերջիններիս պահանջով` ներկայացնել ծառայողական վկայականը կամ զինվորական գրքույկը` փոխհարաբերության ժամանակ դրսևորելով քաղաքավարություն, համբերություն և զսպվածություն:
Սահմանապահ զորքերն ապահովում են Պետական սահմանի խախտման գործողությունների մեջ կասկածվող, ձերբակալված կամ կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, միջոցներ են ձեռնարկում այդ անձանց բժշկական և այլ օգնություն ցույց տալու ուղղությամբ, ձերբակալված կամ կալանավորված անձի հարազատներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հայտնում են նրա գտնվելու վայրի մասին: