Հոդված 29. Սահմանապահ զորքերի կողմից օդանավի կամ թռչող այլ ապարատի կալանման հիմքերը
Հոդված 29. Սահմանապահ զորքերի կողմից օդանավի կամ թռչող այլ ապարատի կալանման հիմքերը
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օդանավը կամ թռչող այլ ապարատը Սահմանապահ զորքերի կողմից կալանվում է այն դեպքում, եթե`
1) օդանավը կամ թռչող այլ ապարատը, ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգության, զբաղվում է տեղեկատվություն հավաքելով կամ կատարում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ այլ գործողություն,
2) օդանավը կամ թռչող այլ ապարատը գտնվել է թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներից դուրս,
3) օդանավը կամ թռչող այլ ապարատը մարդկանց իջեցնում կամ նստեցնում է, բեռների բեռնում կամ բեռնաթափում է կատարում միջազգային օդանավակայաններից դուրս կամ միջազգային օդանավակայաններում` առանց համապատասխան թույլտվության,
4) օդանավի կամ թռչող այլ ապարատի հրամանատարը չի ներկայացրել օդանավի կամ թռչող այլ ապարատի կամ բեռի անհրաժեշտ փաստաթղթերը,
5) օդանավը կամ թռչող այլ ապարատը չի ենթարկվել Սահմանապահ կամ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների կարգադրություններին,
6) օդանավում կամ թռչող այլ ապարատում հայտնաբերվել են մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար արգելված առարկաներ,
7) օդանավը կամ թռչող այլ ապարատը Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվել սահմանված այլ կանոնների խախտումով:
Օդանավի կամ թռչող այլ ապարատի կալանման որոշումն ընդունում է Սահմանապահ զորքերի հրամանատարությունը` օդանավի կամ թռչող այլ ապարատի զննումից հետո:
Սույն հոդվածի 2-7 կետերում նշված խախտումները թույլ տված օդանավը կամ թռչող այլ ապարատը կալանվում է Սահմանապահ զորքերի կողմից, եթե պարզվել է, որ նա խախտումը թույլ է տվել կանխամտածված կամ, եթե օդանավը կամ թռչող այլ ապարատը վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը կամ շահերին: