Հոդված 16. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդով
Հոդված 16. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդով
1. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը տրամադրվում է աճուրդի այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գին:
Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:
Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու աճուրդը դադարեցնելու պատճառ համարվել:
2. Աճուրդով պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևերը` դասական, հոլանդականուղղ., ամբողջությամբ կամ լոտային, մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:
3. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդի միջոցով իրականացնում է լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում:
4. Պետական գույքի` աճուրդի միջոցով մասնավորեցման դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:
5. Պետական գույքի` աճուրդի միջոցով չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում պետական գույքը մասնավորեցնելու մասին: