Հոդված 3. Մասնավորեցման հասկացությունը և օբյեկտները
Հոդված 3. Մասնավորեցման հասկացությունը և օբյեկտները
1. Մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների օտարումն է ֆիզիկական և իրավաբանական անձանց ու իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև մասնավորեցվող ընկերության կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամներին:
Պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Մասնավորեցման օբյեկտ են`
ա) պետական բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում պետությանը պատկանող բաժնետոմսերը.
բ) սույն օրենքով սահմանված կարգով առանց դատարանի որոշման լուծարված պետական և պետական մասնակցությամբ ընկերության (ձեռնարկության) պետության բաժնեմաս համարվող գույքը.
գ) վարձակալությամբ տրված պետական գույքը, այդ թվում` անշարժ գույքը.
դ) բնակելի շենքերում պետական կամ համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները` բացառությամբ համայնքների կողմից վարձակալության տրված տարածքների.
ե) անավարտ շինարարության օբյեկտները.
զ) պետությանը պատկանող գույքային իրավունքները և գույքի ոչ նյութական օբյեկտները, այդ թվում` թողարկված նոր բաժնետոմսերի բաժանորդագրման իրավունքը, ընդերքի և բնական պաշարների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 3-րդ կետի «զ» և «է» ենթակետերով սահմանված դեպքերում.
է) պետական ձեռնարկությունները կամ դրանց միավորումը` պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվելուց հետո:
3. Մասնավորեցում չի համարվում`
ա) բռնագանձելու, բռնագրավելու, տիրազուրկ ճանաչելու հետևանքով, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ, պարտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով անցած գույքը օտարելը, ինչպես նաև պետության կողմից գրավի առարկան իրացնելը.
բ) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված լուծարվող իրավաբանական անձանց պատկանող պետական գույքը օտարելը.
գ) պետական պահուստից օտարվող գույքը.
դ) օրենքով սահմանված կարգով պետական գույք համարվող գրավի առարկայի վրա դատարանի վճռով բռնագանձումը կամ գրավի առարկայի իրացումը գրավառուի կողմից.
ե) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված իրավաբանական անձանց ֆինանսական առողջացման ծրագրերի շրջանակներում պետական գույքը օտարելը.
զ) «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով ընդերքն օգտագործման տրամադրելը, բացառությամբ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններին օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված ընդերքի օգտագործման իրավունքի.
է) բնական վերարտադրվող պաշարների օգտագործման իրավունքը, բացառությամբ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններին բնական վերարտադրվող պաշարների օգտագործման իրավունքի.
ը) օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, բյուջետային հիմնարկներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին պատկանող գույքը վարձակալությամբ տալը և օտարելը: