Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 18. Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով

գործել է մինչև 1998-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 18. Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով

1. Պետական գույքը մասնավորեցվում է ուղղակի վաճառքի ձևով`

տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին.

տվյալ պետական գույքի վարձակալին.

տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին).

եթե մասնավորեցման այլ ձևերի կիրառումն աննպատակահարմար է մասնավորեցման գործընթացի կազմակերպական ծախսերի առումով.

եթե տվյալ պետական գույքի հավանական գնորդը նախօրոք հայտնի է:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուղղակի վաճառքի ձևով պետական գույքը մասնավորեցնելու մասին պետք է մասնավորապես բովանդակի` գնորդի անունը կամ անվանումը, մասնավորեցվող պետական գույքի գինը, վճարման համար օգտագործվող միջոցները, վճարման ժամկետները և վճարման առանձնահատկությունները:

3. Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո այդ որոշմամբ սահմանված ժամկետներում աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ համաժողովը) սույն օրենքի համաձայն իրականացնում է մասնավորեցվող պետական գույքի բաշխումը աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց միջև, ընտրում է նախաձեռնող խումբ, որին իրավունք է տրվում կոլեկտիվը ներկայացնել պետական բաժնեմասը գնելու ընթացքում: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ համաժողովը)` ձայների 3/4-ի մեծամասնությամբ, նախաձեռնող խմբի անդամների համար կարող է սահմանել նրանց մասնակցության չափն ապագա ընկերության մեջ, ինչպես նաև նախաձեռնող խմբի կազմում ընդգրկել տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհամարվող անձանց, որոնց թիվը 3 հոգուց ավել չպետք է լինի: Իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները չեն կարող լինել նախաձեռնող խմբի անդամ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Պետական գույքի վարձակալներն ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք, եթե`

այդ գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մասը չէ.

վարչական և հասարակական շենքերում ու շինություններում վարձակալած տարածք չէ.

վարձակալության պայմանագիրը կնքված է մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը:

5. Պետական գույքը մասնավորեցնելու նախապատվության իրավունք ունեցող վարձակալներին պետական գույքը մասնավորեցնելու հիմք է լիազորված պետական մարմին վարձակալի ներկայացրած հայտը: Հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Լիազորված պետական մարմինը հայտը քննարկում է երկու ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանն ուղարկվում է հայտը ներկայացնող անձանց:

Հայտի մերժումը հնարավոր է, եթե`

ա) այն ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքներ ձեռք բերող անձ.

բ) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված են տվյալ գույքի մասնավորեցման սահմանափակումներ.

գ) մասնավորեցման հետևանքով կարող է անհնարին դառնալ վարձատուին պատկանող վարձակալության չհանձնած գույքի օգտագործումը:

Վարձակալված գույքի գնման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, երկու ամսվա ընթացքում որոշում է ընդունում վարձակալված գույքը վարձակալից գնելու թույլտվության մասին:

8. Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի միջոցով իրականացնում է լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց մեղքով պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով չիրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում նոր որոշում է ընդունում պետական գույքը սույն օրենքով սահմանված այլ ձևով մասնավորեցնելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։