Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը
Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը
1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:
2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով: Դրանք մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը մշակում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Դրանք հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
4. Բարձրագույն կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը մշակում և հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունը: Դրանք ներկայացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմին:
Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը վերահսկում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին:
5. Ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով:
6. Հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ, որի անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
7. Դրսեկության ձևով հանրակրթության, մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: