Հոդված 42. Պետական հավատարմագրումը
Հոդված 42. Պետական հավատարմագրումը
1. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների:
2. Հավատարմագրման կարգը, չափանիշները և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ:
3. Պետական հավատարմագրումն իրականացնում է կրթական պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, ուսումնական հաստատության և նրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա:
4. Պետական հավատարմագրման պայմաններն են`
1) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսուցման որակի ապահովումը.
2) առանձին մասնագիտության գծով` երկու տարի անընդմեջ շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքները.
3) ուսումնական հաստատության գծով` այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայությունը:
5. Նոր մասնագիտություններ բացելու դեպքում ուսումնական հաստատությունը պահպանում է իր պետական հավատարմագրված կարգավիճակը, եթե ապահովված են սույն օրենքի 42 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
6. Պետական ուսումնական հաստատությունները և դրանց մասնագիտությունները, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց:
7. Ուսումնական հաստատությունների մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով` ըստ որակավորման աստիճանների:
8. Ուսումնական հաստատության առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (կրթահամալիրների, մասնաճյուղերի) կրթական գործունեությունը լիցենզավորվում, իսկ այդ ստորաբաժանումները և դրանց մասնագիտությունները հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:
9. Պետական հավատարմագրման վկայականը հաստատում է ուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրերի մակարդակը, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:
10. Լիցենզիա և պետական հավատարմագրման վկայական շնորհելու կամ այդ փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով: