Հոդված 51.13. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
Հոդված 51.13. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 51.15-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`
1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու եղանակով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 51.15-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.
2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում հաշվի առնելով սույն օրենքի 51.5-րդ հոդվածի, 51.19-րդ հոդվածի 3-րդ մասի և 51.28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:
2. Չի թույլատրվում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով: