Հոդված 8
Հոդված 8
Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև վեճերի կարգավորումը
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև ցանկացած վեճ` կապված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարած ներդրման հետ, հնարավորության սահմաններում պետք է կարգավորվի բարեկամաբար` վեճին մասնակից կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Եթե վեճը հնարավոր չէ կարգավորել բանակցությունների միջոցով մեկ տարվա ընթացքում, ապա վեճին մասնակից յուրաքանչյուր կողմ իրավունք ունի վեճը ներկայացնելու ներդրումն ընդունող Պայմանավորվող կողմի իրավասու դատարան:
3. Եթե օտարման դիմաց փոխհատուցման գումարին վերաբերող վեճը չի կարող կարգավորվել մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին կետում սահմանված բանակցությունների միջոցով, ապա այն կարող է, յուրաքանչյուր կողմի պահանջով, ներկայացվել ad հօc (տվյալ նպատակի համար կազմավորված) միջնորդ դատարան: Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե տվյալ ներդրողը դիմել է սույն հոդվածի 2-րդ կետում առանձնանշված ընթացակարգին:
4. Նման միջնորդ դատարանը պետք է կազմավորվի յուրաքանչյուր առանձին դեպքի համար` հետևյալ կերպով. վեճին մասնակից յուրաքանչյուր կողմ պետք է նշանակի դատարանի մեկ անդամի, և այդ երկու անդամները պետք է նախագահ ընտրեն այն երրորդ պետության քաղաքացու, որի հետ երկու Պայմանավորվող կողմերն ունեն դիվանագիտական հարաբերություններ: Առաջին երկու անդամները պետք է նշանակվեն վեճին մասնակից կողմերից մեկի` վեճը այս կերպով կարգավորելու մասին մյուս կողմին ծանուցելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ նախագահը` չորս ամսվա ընթացքում: Եթե վերոնշյալ ժամանակահատվածում միջնորդ դատարանը չի կազմավորվել, ապա վեճին մասնակից յուրաքանչյուր կողմ կարող է հրավիրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի գլխավոր քարտուղարին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար:
5. Միջնորդ դատարանն ինքն է սահմանում իր ընթացակարգը: Այնուամենայնիվ, դատարանը կարող է ընթացակարգը սահմանելիս հետևել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի ընդունած արբիտրաժի կանոններին` որպես ուղեցույցի:
6. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը վերջնական և պարտադիր է վեճին մասնակից երկու կողմերի համար: Երկու Պայմանավորվող կողմերը պետք է հանձն առնեն կատարել որոշումը` իրենց համապատասխան ներքին օրենսդրության համաձայն:
7. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է վեճին մասնակից` ներդրումն ընդունած Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, ներառյալ կոլիզիոն իրավունքի նորմերը, սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած այն սկզբունքները, որոնք երկու Պայմանավորվող կողմերն ընդունել են:
8. Վեճին մասնակից յուրաքանչյուր կողմ պետք է կրի իր նշանակած դատարանի անդամի և դատական գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նշանակված նախագահի և մնացած ծախսերը վեճին մասնակից կողմերը կրում են հավասար մասնաբաժիններով: