Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար`
«ներդրումներ» եզրույթը նշանակում է` գույքի ցանկացած տեսակ, որը ներդրվում է մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` վերջինիս օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, և մասնավորապես, սակայն ոչ բացառապես ներառում է.
ա) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև այլ գույքային իրավունքները, ինչպիսիք են գրավը, արտոնությունները, երաշխիքները և նման այլ իրավունքները,
բ) բաժնետոմսերը, պարտատոմսերը կամ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող ընկերություններում կամ համատեղ ձեռնարկություններում մասնակցության ցանկացած այլ ձևերը,
գ) արտոնագրերը, արդյունաբերական նմուշները, առևտրային նշանները, առևտրային անվանումները, «նոու-հաու»-ն և մտավոր սեփականության այլ իրավունքները,
դ) ներդրումներին առնչվող օրենքով կամ պայմանագրով տրամադրված գործարար կոնցեսիաները` ներառյալ բնական պաշարների հետազոտման և շահագործման կոնցեսիան:
2. «Ներդրողներ» եզրույթը նշանակում է.
ա) այն ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են երկու պետություններից որևէ մեկի քաղաքացի` համաձայն վերջինիս օրենքների և կանոնակարգերի,
բ) իրավաբանական անձինք կամ այլ տնտեսական միություններ, որոնք հիմնադրվել են Պայմանավորվող կողմերից մեկի օրենքների և կանոնակարգերի համաձայն, և որոնց իրավաբանական հասցեն գտնվում է այդ Պայմանավորվող կողմի տարածքում:
3. «Առանց ուշացման» եզրույթը համարվում է կատարված, եթե փոխանցումն իրականացվում է այնպիսի ժամանակահատվածում, որը սովորաբար պահանջվում է միջազգային ֆինանսական պրակտիկայում:
4. «Եկամուտ» եզրույթը նշանակում է` ներդրման արդյունքում ստացված գումարներ, որոնք մասնավորապես, բայց ոչ բացառապես ներառում են շահույթը, տոկոսները, շահաբաժինները, կապիտալի աճը, ռոյալթիները և վարձատրությունները:
5. «Տարածք» եզրույթը նշանակում է.
Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքը, ներքին ջրերը և դրանց վերևի օդային տարածությունը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և ունի իրավասություն` համաձայն իր գործող ազգային օրենքների և միջազգային իրավունքի:
«Սիրիա», միջազգային իրավունքի համաձայն, նշանակում է` Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքները, ներառյալ ներքին ջրերը, ծովային տարածքները, ստորջրյա տարածքները և դրանց վերևի օդային տարածությունը, որոնց նկատմամբ Սիրիան ունի ինքնիշխան իրավունքներ, ինչպես նաև` այլ մերձափնյա տարածքներ, որոնց նկատմամբ Սիրիան ունի ինքնիշխան իրավունքներ իրականացնելու իրավունք բնական պաշարների հետազոտման, շահագործման և պահպանման նպատակներով: