Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած աուդիտորը, ինչպես նաև առևտրային կազմակերպությունը` անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության» բառերը փոխարինել «որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը, եթե միաժամանակ» բառերով.
2) 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) կազմակերպությունն ունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական բնույթի աշխատանքների».
3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով`
«գ) կազմակերպության ղեկավարն ունի` բարձրագույն կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա ստաժ` պետական կամ համայնքային ծառայության ոլորտում` քաղաքական կամ հայեցողական պաշտոնում կամ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնում կամ գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում կամ պետական կամ համայնքային հիմնարկի ղեկավարի, իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամի (գործադիր մարմնի ղեկավարի, նրա տեղակալի), խորհրդի նախագահի, հաշվապահական հաշվառման առումով խոշոր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:».
4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Աուդիտորական կազմակերպության ղեկավար չի կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը.
բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված անձը.
գ) անձը, որը չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին.
դ) անձը, որը լիցենզիա ստանալու համար դիմում (հայտ) ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
ե) անձը, որը սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
զ) անձը, որի գործողությունները հանգեցրել են այլ անձի սնանկության (անվճարունակության):»: