Հոդված 4
Հոդված 4
1) Անձանց հետընդունման վերաբերյալ դիմումները յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմնից մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կներկայացվեն գրավոր: Դիմումը կներառի.
1.1. անուն, ազգանուն և հայտնաբերված այլ անուններ, որոնցով տվյալ անձը հայտնի է, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, քաղաքացիություն և վերջին հասցեն այն Պայմանավորվող կողմի տարածքում, որի քաղաքացին է տվյալ անձը, և անձի մեկ լուսանկար,
1.2. Հայցող Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու ամսաթիվը և եղանակը, եթե հայտնի է, և նշում այն մասին, որ անձը չի բավարարում Հայցող Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու կամ այնտեղ բնակվելու պայմանները,
1.3. հետընդունման ենթակա անձի վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության անհրաժեշտության մասին նշում,
1.4. անհրաժեշտ պաշտպանական կամ անվտանգության միջոցառումների մասին նշում,
1.5. փոխանցման առաջարկվող վայրը և ամսաթիվը:
2) Դիմումին կկցվեն այն փաստաթղթերի պատճենները, որոնց հիման վրա քաղաքացիությունը համարվում է ապացուցված կամ հիմնավոր կերպով ենթադրվում է, ինչպես նախատեսված է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում:
3) Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ կպատասխանի դիմումին, բայց ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվանից երեսուն օր հետո: Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ հետ կընդունի այն անձին, ում հետընդունումը համաձայնեցվել է, բայց ոչ ուշ, քան Հայցող Պայմանավորվող կողմի դրական պատասխանը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում: Անձի փոխադրումը կարող է հետաձգվել իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով այնքան ժամանակ, որքան այդ խոչընդոտներն առկա են: Եթե խոչընդոտները տևում են մեկ տարուց ավելի, Հայցող Պայմանավորվող կողմը նոր դիմում է ներկայացնում:
Եթե դիմումը մերժվում է, մերժման պատճառները ներկայացվում են գրավոր:
4) Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դիմումը չի պահանջվում, եթե անձն ունի Հայցվող Պայմանավորվող կողմի վավերական փաստաթուղթ` 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը գրավոր տեղեկացնում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին այդ անձի փոխանցման մասին նախատեսվող փոխանցումից առնվազն 7 օր առաջ: Ծանուցումը պետք է ներառի սույն հոդվածի 1-ին կետում թվարկված տվյալները և զուգակցվի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթի պատճենով:
5) Այն անձը, որն իր վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունի, կամ եթե անհրաժեշտ են պաշտպանական կամ անվտանգության միջոցներ, փոխադրվում և հանձնվում է ուղեկցությամբ: Կազմվում է հետընդունման մասին պաշտոնական արձանագրություն երկու օրինակով` ներառելով հետևյալ տվյալները.
5.1. անձի անուն և ազգանուն,
5.2. ծննդյան ամսաթիվ և վայր,
5.3. քաղաքացիություն,
5.4. անձի մոտ գտնվող անձնական իրերի և գումարի ցանկ,
5.5. հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունեցող անձի հետընդունման դեպքում պաշտոնական արձանագրությունը կներառի տեղեկություններ փոխանցման պահին անձի առողջական վիճակի մասին:
6) Եթե անձը, որի հետընդունումը համաձայնեցված է, չունի Հայցվող Պայմանավորվող կողմի վավերական ճամփորդական փաստաթուղթ, ապա Հայցող Պայմանավորվող կողմը այդ անձին կտրամադրի արտակարգ ճամփորդական փաստաթուղթ:
7) Հայցող Պայմանավորվող կողմը անձին հետ կընդունի նույն պայմաններով, եթե հայտնաբերվել է, որ հետընդունման դիմումի ներկայացման կամ փոխանցման մասին ծանուցման պահին անձը չի հանդիսացել Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի:
Գլուխ III
Երրորդ երկրների քաղաքացիների հետընդունումը