Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) փաստաթուղթ՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ձևով պահպանվող կամ ներկայացվող տեղեկատվություն.

2) էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար.

3) գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին.

4) սպասարկման գրասենյակ` գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրումը, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դիմումատուներին գրանցման գործընթացի վերաբերյալ առաջնային խորհրդատվության տրամադրումը.

5) ծածկագիր` թվերի և տառերի համակցություն, որը տրվում է դիմողին, և որի միջոցով հնարավոր է հետևել համապատասխան դիմումի ընթացքին և ստանալ դրա արդյունքները, ներառյալ` գրանցումը կամ հաշվառումը կատարելը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը կամ գրանցման կամ հաշվառման մերժման տեքստը.

6) տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի վարման համակարգ, որի միջոցով գործակալությունը իրականացնում է պետական գրանցումը և պետական հաշվառումը.

7) պետական միասնական գրանցամատյան (նաև գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց վերաբերյալ.

8) վճար` դրամական միջոց, որը սույն օրենքով նախատեսված դեպքերում վճարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց.

9) գրառում՝ գրանցամատյանում տեղեկատվության ավելացման կամ լրացման գործընթաց, որը ներառում է արդեն գրառված տեղեկատվության փոփոխությունների մասին տեղեկատվության ավելացումը և լրացումը.

10) պետական գրանցում՝ ներառում է իրավաբանական անձանց պետական գրանցումը, փոփոխությունների պետական գրանցումը և լուծարման պետական գրանցումը.

11) իրավաբանական անձի պետական գրանցում՝ նոր ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումը պետության կողմից.

12) փոփոխությունների պետական գրանցում՝ գրանցամատյանում գրառված տեղեկությունների որևէ փոփոխության ճանաչումը պետության կողմից.

13) լուծարման պետական գրանցում՝ իրավաբանական անձի գոյության դադարման փաստի ճանաչումը պետության կողմից.

14) պետական հաշվառում՝ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառումը.

15) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում՝ ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից.

16) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառում՝ իրավաբանական անձի նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գոյության ճանաչումը պետության կողմից.

17) կանոնադրական կապիտալ՝ տարբեր տեսակի իրավաբանական անձանց համար սահմանված պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը.

18) մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ, հասարակական միավորման, իրավաբանական անձանց միության անդամ.

19) հիմնադիր՝ մինչև իրավաբանական անձի պետական գրանցման պահը իրավաբանական անձի հիմնադիր ժողովին մասնակցած, իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշում ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

20) գործակալության պաշտոնական կայք՝ համացանցի http://www.e-register.am հասցեում տեղակայված կայքը.

21) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am հասցեում տեղակայված կայքը.

22) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։