Հոդված 57. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման, փոփոխությունների գրառման, հաշվառումից հանելու կարգը և ժամկետները
Հոդված 57. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման, փոփոխությունների գրառման, հաշվառումից հանելու կարգը և ժամկետները
1. Գործակալությունը ստուգում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:
2. Ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո` առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունում դրանք ուսումնասիրվում են, և պետական հաշվառումը (փոփոխությունների հաշվառումը) մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում տեղեկատվական համակարգը նրան շնորհում է հաշվառման համար, և անհրաժեշտ տեղեկությունները տեղեկատվական համակարգի միջոցով գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:
3. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա փոփոխությունների պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:
4. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառված է համարվում, իսկ փոփոխությունները` կատարված՝ միասնական պետական գրանցամատյանում համապատասխան գրառում(ներ)ը կատարելու պահից:
5. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների գրառումը) հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
6. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճարը վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը): Այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
7. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում կանոնադրության վրա պետական հաշվառման մասին որևէ նշում չի կատարվում, իսկ պետական հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման: