Հոդված 40. Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 40. Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում: Առևտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետական գրանցամատյանում չեն գրառվում:
2. Ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
1) դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.
2) բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն).
3) ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի` նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված.
6) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետական գրանցման համար, սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերից բացի` տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
3. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում պետական գրանցման համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
1) դիմում.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ կատարողական թերթը.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
4. Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է ընկերությունը, ներկայացվում են՝
1) դիմում՝ տրված ընկերության կողմից.
2) ընկերության անվանմամբ՝ դուրս գալու մասին մասնակցի դիմումի պատճենը.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
5. Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է դուրս եկող մասնակիցը, ներկայացվում են՝
1) դիմում՝ տրված դուրս եկող մասնակցի կողմից.
2) գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, որը տրվում է դուրս եկող մասնակցի կողմից.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
6. Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին, բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված, գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում.
2) ժառանգ կամ իրավահաջորդ համարվելու մասին համապատասխան փաստաթուղթ.
3) ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
7. Եթե օտարվող բաժնեմասի նկատմամբ առկա է գործակալությունում գրանցված գրավի իրավունք կամ օտարման իրավունքը սահմանափակող գրանցված այլ գույքային իրավունք, ապա ներկայացվում է նաև գրավառուի գրավոր համաձայնությունը գործարքն իրականացնելու վերաբերյալ:
8. Եթե բաժնեմասի փոխանցման արդյունքում ընկերության մասնակից է դառնում օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ապա, սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև վավերացված և հայերեն թարգմանված` ֆիզիկական անձի անձնագրի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ իրավաբանական անձի դեպքում: