Հոդված 35. Իրավաբանական անձանց պետական գրանցումը
Հոդված 35. Իրավաբանական անձանց պետական գրանցումը
1. Սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը:
3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:
4. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա իրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես:
5. Գործակալությունում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների առկայությունը:
6. Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով պետական միասնական գրանցամատյանում գրառվում են սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:
7. Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
8. Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
9. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
10. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությունում գրառվում են իրավաբանական անձի գրանցման համարը և գրանցման տարին, ամիսը, օրը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: