Հոդված 66. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով հավաքված տեղեկատվությունը
Հոդված 66. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով հավաքված տեղեկատվությունը
1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակներից ելնելով՝ 20 միլիոն դրամը գերազանցելու դեպքում առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում և այլն) բաժնի (մասնակցության) օտարման (ձեռք բերելու) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) ձևավորման կամ փոփոխության դեպքում առևտրային կազմակերպության` ներդրում կատարող կամ գործարքի կողմ համարվող մասնակիցը գործակալություն է ներկայացնում հայտարարագիր, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) կանոնադրական կապիտալում ներդրում կատարող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի տվյալները, ներառյալ՝
ա. ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ համարվող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի համար` անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, ծննդյան թվականը, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը և անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. իրավաբանական անձ համարվող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի համար` անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) ներդրման չափը.
3) ներդրման արդյունքում կանոնադրական կապիտալի չափը.
4) ներդրումը կատարելու ամսաթիվը.
5) կասկածելի ներդրումների դեպքում՝ կասկածելի համարելու հիմքը, չափանիշը և դրանց նկարագրությունը:
2. Գործակալությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
3. Իրավաբանական անձը պարտավոր է պետական գրանցման, կանոնադրական կապիտալի կամ մասնակիցների կազմի փոփոխվելու դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործակալություն ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ վերջինիս պահանջով: Իրական շահառուի վերաբերյալ հայտարարության ակնհայտ կեղծ կամ թերի ներկայացման դեպքում գործակալությունն այդ մասին հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ: