Հոդված 42. Փոփոխությունների պետական գրանցման կարգը և ժամկետները
Հոդված 42. Փոփոխությունների պետական գրանցման կարգը և ժամկետները
1. Սույն օրենքի 39-41-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան փոփոխության պետական գրանցումը:
3. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել փոփոխությունների պետական գրանցման այլ ժամկետներ:
4. Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա մերժման հիմքեր չհայտնաբերելու դեպքում փոփոխությունների պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:
5. Գործակալությունում ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) համապատասխանությունն օրենքի պահանջներին չի ստուգվում: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների առկայությունը:
6. Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով փոփոխությունների մասին գրառում է կատարվում պետական միասնական գրանցամատյանում:
7. Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գրանցամատյանում գրառելու պահից: Գրանցամատյանում փոփոխությունների գրառումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու դեպքում: Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ` բոլոր փոփոխությունների նկարագրությունը և դրանց իրականացման ամսաթիվը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
8. Իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում է այդ փոփոխության պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում՝ իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման տարին, ամիսը, օրը և համապատասխան փոփոխության բնույթը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: