Հոդված 2
Հոդված 2
1. Մասնակից պետությունները դատապարտում են ռասայական խտրականությունն ու պարտավորվում են անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն և նպաստել բոլոր ռասաների միջև փոխըմբռնմանը. այդ նպատակով՝
(ա) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չներգրավվել ռասայական խտրականության որևէ գործողության կամ պրակտիկայի մեջ՝ ընդդեմ անձանց, անձանց խմբերի կամ հաստատությունների, և երաշխավորել, որ պետական բոլոր մարմիններն ու հաստատությունները, ինչպես ազգային, այնպես էլ տեղական, կգործեն այդ պարտավորությանը համապատասխան,
(բ) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չխրախուսել, չպաշտպանել և չաջակցել որևէ անձի կամ կազմակերպության կողմից իրականացվող ռասայական խտրականության,
(գ) յուրաքանչյուր մասնակից պետություն ազգային ու տեղական մասշտաբով ձեռնարկում է արդյունավետ միջոցներ՝ կառավարության քաղաքականության վերանայման, ինչպես նաև խտրականության առաջացմանը կամ հավերժացմանը հանգեցնող ցանկացած օրենք և ենթաօրենսդրական ակտ փոփոխելու, վերացնելու կամ չեղյալ հայտարարելու համար,
(դ) յուրաքանչյուր մասնակից պետություն, օգտագործելով բոլոր համապատասխան, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում, օրենսդրական, միջոցները, արգելում կամ վերացնում է ցանկացած անձի, խմբի կամ կազմակերպության կողմից իրականացվող ռասայական խտրականությունը,
(ե) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է, համապատասխան դեպքերում, խրախուսել ինտեգրացիոն բազմառասայական կազմակերպություններն ու շարժումները և ռասաների միջև անջրպետների վերացմանն ուղղված այլ միջոցները, և չպաշտպանել ոչինչ, ինչը նպաստում է ռասայական բաժանման խորացմանը։
2. Մասնակից պետությունները սոցիալական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում ձեռնարկում են, երբ հանգամանքները պահանջում են, հատուկ ու կոնկրետ միջոցներ՝ ապահովելու համար ռասայական որոշ խմբերի կամ այդ խմբերին պատկանող անձանց պատշաճ զարգացումն ու պաշտպանությունը՝ նրանց կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք ու հավասար օգտագործումը երաշխավորելու նպատակով։ Այդպիսի միջոցները ոչ մի դեպքում չպետք է հանգեցնեն ռասայական տարբեր խմբերի համար անհավասար կամ հատուկ իրավունքների պահպանմանը այն նպատակների իրագործումից հետո, հանուն որոնց դրանք ձեռնարկված են եղել։