Հոդված 14
Հոդված 14
1. Մասնակից պետությունը ցանկացած ժամանակ կարող է հայտարարել, որ ինքը ճանաչում է Կոմիտեի իրավասությունը՝ իր իրավազորության սահմաններում ընդունելու և քննության առնելու հաղորդումներ առանձին անձանցից կամ անձանց խմբերից, որոնք պնդում են, թե իրենք տվյալ մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայում ամրագրված որևէ իրավունքի խախտման զոհ են։ Կոմիտեն չի ընդունում որևէ հաղորդում, եթե այն վերաբերում է Կոնվենցիայի՝ այդպիսի հայտարարություն չարած մասնակից պետությանը։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հայտարարություն արած ցանկացած մասնակից պետություն կարող է հիմնել կամ նշել իր ներպետական իրավական համակարգի շրջանակներում գործող մարմին, որն իրավասու կլինի ընդունելու և իր իրավազորության սահմաններում քննության առնելու այն առանձին անձանց կամ անձանց խմբերի գանգատները, որոնք հայտարարում են, թե իրենք սույն Կոնվենցիայում ամրագրված իրավունքներից որևէ մեկի խախտման զոհ են, և որոնք սպառել են իրավական պաշտպանության տեղական մյուս մատչելի միջոցները։
3. Սույն հոդվածի առաջին կետին համապատասխան արված հայտարարությունը, ինչպես նաև սույն հոդվածի երկրորդ կետին համապատասխան հիմնված կամ նշված ցանկացած մարմնի անվանումը համապատասխան մասնակից պետության կողմից ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճեններն առաքում է մյուս մասնակից պետություններին։ Հայտարարությունը կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարվել այդ մասին Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով, սակայն այդ չեղյալ հայտարարումը չի անդրադառնում այն հաղորդումների վրա, որոնք քննության են առնվում Կոմիտեի կողմից։
4. Գանգատների ցուցակը կազմում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան հիմնված կամ նշված մարմինը, իսկ այդ ցուցակի հաստատված պատճեններն ամեն տարի համապատասխան ուղիներով հանձնվում են Գլխավոր քարտուղարին, ընդսմին դրանց բովանդակությունը ենթակա չէ հրապարակման։
5. Այն դեպքում, երբ գանգատարկուն բավարարված չէ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան հիմնված կամ նշված մարմնի գործողություններով, այն իրավունք ունի վեց ամսվա ընթացքում տվյալ հարցը հանձնել Կոմիտեին։
6. (ա) Կոմիտեն իրեն հանձնված ցանկացած հաղորդում խորհրդապահական կարգով ներկայացնում է Կոնվենցիայի որևէ դրույթի խախտման մեջ մեղադրվող մասնակից պետության ուշադրությանը, սակայն համապատասխան անձի կամ անձանց խմբի ինքնությունը չի բացահայտվում առանց նրա կամ նրանց համաձայնության։ Կոմիտեն չի ընդունում անանուն հաղորդումներ։
(բ) Ստացած պետությունը երեք ամսվա ընթացքում Կոմիտե է ներկայացնում այդ հարցը լուսաբանող գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ և այն միջոցները, որոնք կարող էին կիրառվել այդ պետության կողմից։
7. (ա) Կոմիտեն հաղորդումները քննության է առնում՝ հաշվի առնելով շահագրգիռ մասնակից պետության և գանգատարկուի կողմից իրեն տրամադրված ողջ տեղեկատվությունը։ Կոմիտեն քննության չի առնում որևէ գանգատարկուի հաղորդում, քանի դեռ չի հավաստիանում, որ գանգատարկուն սպառել է իրավական պաշտպանության բոլոր ներպետական մատչելի միջոցները։ Այդ կանոնը, սակայն, չի գործում այն դեպքում, երբ այդ միջոցների կիրառումն անհիմն կերպով ձգձգվում է։
(բ) Կոմիտեն իր առաջարկություններն ու հանձնարարականները, եթե այդպիսիք կան, ուղարկում է շահագրգիռ մասնակից պետությանն ու գանգատարկուին։
8. Կոմիտեն իր ամենամյա զեկույցում ընդգրկում է այդ հաղորդումների ամփոփագիրը և, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ մասնակից պետությունների բացատրությունների ու հայտարարությունների համառոտ շարադրանքը, ինչպես նաև իր իսկ առաջարկություններն ու հանձնարարականները։
9. Կոմիտեն իրավասու է սույն հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնելու միայն այն դեպքում, երբ Կոնվենցիայի առնվազն տասը մասնակից պետություններ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հայտարարություններ են արել։